National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.02.2020
Խորհրդարանն ընդունել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը
1 / 49

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 6-ին՝ ժամը 13-00-ին, ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

Խորհրդարանն ընդունել է  արտահերթ նիստի անցկացման կարգի եւ տեւողության վերաբերյալ  ԱԺ որոշումները:
 
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», որը  ներկայացվել է առաջին ընթերցմամբ քննարկելու համար:

Նշենք, որ սահմանադրական փոփոխություններ նախատեսող նախագիծը հեղինակել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորներ:  Հեղինակներն առաջարկում են  1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը, որը վերաբերում է  Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարմանը, շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:  Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»:
 
Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը պարզաբանել է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու դրդապատճառները՝ դրանցում չափազանց կարեւոր գործոն համարելով Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրության ցածր վստահությունը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ Սահմանադրական դատարանը  վստահության վերականգնման եւ որպես անաչառ դատարան հասարակության մեջ ընկալվելու խնդիր ունի, ինչով էլ պայմանավորված են նաեւ վերոնշյալ փոփոխությունները:

Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը, այլ ՀՀ Սահմանադրության 202-րդ  հոդվածի 3-րդ կետով ՀՀ Ազգային ժողովին տրված լիազորությամբ  առաջարկելու է քվեարկության դնել նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ: «Սա ուղղակի, ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա  մեր քաղաքական ուժի համոզմունքն ու հավատամքն է: Մենք հավատում ենքմեր ժողովրդին, եւ  ասելիք ու լսելիք ունենք նրանից»,- ելույթն ամփոփել է   նա:
Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել 4 տասնյակից ավելի պատգամավորներ, տեսակետներ են հայտնել նաեւ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Մանե Թանդիլյանը: Ըստ պատգամավորի՝ նմանատիպ կարգավորումները չի կարելի լուծել հանրաքվեի միջոցով, կան օրինական ճանապարհներ եւ դրանց ուղիները, ըստ նրա,մատնանշել են իր խմբակցության անդամները: Մանե Թանդիլյանը նշել է, որ իրենք բացառապես իրավական ճանապարհով կարգավորման կողմնակից են:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Ըստ պատգամավորի՝ խմբակցության անդամները հանրաքվեի գաղափարին դեմ չեն, նրանք հիացած չեն նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործունեությամբ: Միքայել Մելքումյանի կարծիքով՝ հանրաքվեի համար պետք է լինի քաղաքական ուժերի կոնսենսուս:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Լիլիթ Մակունցը:  «Պետությունն իշխանությունը ստանում է ժողովրդից, իրականացնում է ժողովրդով եւ հանուն ժողովրդի: Ժողովրդավարությունը ենթադրում է, որ ոչ թե պետությունն է գերիշխում հասարակության վրա, այլ՝ հակառակը: Ժողովուրդն է իշխանության միակ աղբյուրն ու տերը»,-ասել է նա: Ըստ Լիլիթ Մակունցի՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ չընդունվելու դեպքում անհրաժեշտ է երաշխավորել այդ նախագծով կարգավորվող հարցերի լուծմանը ժողովրդի անմիջական մասնակցությունը՝ նախագծերը հանրաքվեի դնելու միջոցով:

Եզրափակիչ ելույթում Վահագն Հովակիմյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած կարծիքներին:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ելույթն ամողջությամբ այստեղ՝

Քվեարկության արդյունքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» 0 կողմ, 36 դեմ, 88 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ չի ընդունվել:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեղեկացմամբ՝ համաձայն Սահմանադրության 202 հոդվածի 2-րդ մասի, եթե սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշման, այն կարող է դրվել հանրաքվեի:

Այնուհետեւ խորհրդարանի քննարկմանը ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Նրա գնահատմամբ նախագիծն այս տեսքով չի կարող դրվել հանրաքվեի եւ տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Ազգային ժողովի որոշման նախագծին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշել է, որ խնդրի լուծման ամենաժողովրդավար ձեւը հանրաքվեն է եւ ժողովուրդն է որոշողը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը խորհրդարանն ընդունել է 88 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am